Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիներին

Ալմա Աթայի հռչակագիրը կարևոր է նրանով, որ մենք ոչ թե պետք է զրոյից սահման գծենք, այլ պետք է գոյություն ունեցող սահմանները հողի վրա մեր լեզվով ասած «կոլուչկեքը»՝ փշալարերը տնկենք, ասենք՝ այստեղ է սահմանը։

Այս մասին երեկ՝ մարտի 18-ին Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանագծման ու սահմանազատման խնդրին։

«Եթե մենք հանկարծ մտնենք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք, սա է ամբողջ խնդիրը։ Մենք խնդիր ունենք մեր սահմանները ֆիքսելու, որովհետև այնտեղ, որտեղ մենք խնդիր ենք ունենում, դա լուծելի պրոբլեմ է, տեղ-տեղ դժվար լուծելի պրոբլեմ է։  Ես ձեզ խոստանում եմ, որ ամեն բան կարվի, որ ձեր բարձրացրած հարցերի լուծումները իրագործելի լինի»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ հանդիպման նպատակներից մեկն այն է, որ բնակիչները լիարժեք ներգրավված լինեն գործընթացի մեջ։

«Եթե կա լավ լուր, մեզնից իմանաք, եթե կա վատ լուր, մեզնից իմանք, որ ամեն անցող դարձող չգա ասի այսպիսի մի բան է եղել։ Այսօրվա խոսակցությունը ինձ համար էլ է բարդ խոսակցություն,  ինձ համար կարևոր է, որ այս խոսակցությունը լինի, որ դուք իմանաք՝ ինչ է կատարվում, ես էլ  իմանամ  դուք ինչ եք ուզում, ինչ եք պահանջում, որտեղ են ձեր կարմիր գծերը, ինչից է, որ դուք ջղայնանում եք։

Ձեր թիկունքում և ձեր դեմ որևէ բան չի կարող արվել, եթե նույնիսկ արվի մի բան, որը դուք ընկալեք ձեր դեմ, դա կարտահայտի ձեր լավագույն շահը տվյալ իրավիճակում։ Ես խոստանում եմ, որ ձեր բոլոր հարցերը ու նկատառումները հաշվի առնվեն»,- ասաց Փաշինյանը։

Կիսվել ձեր ընկերների հետ