Եթե մենք այստեղ ենք կանգնած, մեր կանգնած տեղն օրինական է և որևէ մեկը մեզ հարվածելու իրավունք չունի, եթե մենք կանգնենք այնտեղ, մենք կդառնանք թիրախ։ Այս մասին երեկ՝ մարտի 18-ին Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանագծման ու սահմանազատման խնդրին։
«Չկա այնպիսի հարց, որ դուք տալիս եք, բայց մենք մեզ չենք տալիս։ Ընդհակառակը, կան բազմաթիվ հարցեր, որ ձեր մտքով չեն անցնում բայց մենք մեզ տալիս ենք։ Դուք պետք է հարց տաք՝ եթե մենք գալիս և հստակ կանգնում ենք սահմանագծին, Ադրբեջանը մնացած բոլոր տեղերում, որտեղ սահմանագծից առաջ է, նահանջելո՞ւ է։ Ես ձեզ ուղիղ ուզում եմ ասել՝ ո՛չ, չի նահանջելու, բայց սա իրադրության մեր գնահատականը չի փոխում, որովհետև այս իրադրության մեջ մեզ ավելի լավ է մենք կանգնենք մեր սահնագծին և լինենք պահանջողի դիրքում, քան կանգնենք սահմանագծից առաջ՝ իմանալով, որ նրանք դա որպես թիրախ են օգտագործելու», — նշել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ հարցը գյուղի մասին չէ, այլ այն մասին, թե որտեղ է սկսվում Հայաստանի Հանրապետությունը։ Ըստ վարչապետի, այս գործընթացքում երեք հարցի պետք է լուծում տրվի՝ անվտանգության հարցին, ֆունկցիոնալ հարցին, որը ենթադրում է ճանապարհների աշխատանքը, և իրավական հարցին։
«Սա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանն է։ Մենք ուզում ենք, որ բոլորը ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչեն, բայց մյուս կողմից մեկ-մեկ տպավորություն է, որ մենք ինքներս ՀՀ տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում։ Ինչ-որ տեղ սկսվում է երկիրը, մենք չպիտի նայենք՝ ինչից է 50 մետր հեռու, որտեղ էլ սկսվի ինչ-որ բանից 50 մետր հեռու է լինելու, 100 մետր այն կողմ, կամ թեկուց երեք սմ։ Մեր խնդիրն հետևյալն է՝ 1 մմ ճշտությամբ մեր երկրի տարածքը որոշենք։ Երբ խոսում ենք տների մասին մեր հարցը պետք է ձևակերպենք մի ձև․ այս տունը ՀՀ տարածում է, թե ՀՀ տարածքում չէ։ Եթե ՀՀ տարածքում չէ, ՀՀ կառավարությունը պետք է ասի՝ հարգելի՛ քաղաքացի, որքան պետք է փոխհատուցենք, որ Դուք Ոսկեպարում մեկ ուրիշ տեղ տուն կառուցեք կամ գանք մենք կառուցենք», — նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ Շուռնուխում այժմ ևս նույն խնդիրն է, սակայն մարդիկ ապրում են և տներ են կառուցվում։
Փաշինյանի խոսքով՝ մարդիկ այս սահմանին կարող են ազատ ապրել այն պայմաններում, երբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լինի այնպիսին, ինչպիսին հայ-վրացական կամ նույնիսկ հայ-թուրքական սահմանին է, իսկ սահմանագծումը թույլ կտա անտեսանելի պարիսպ կառուցել։
Վարչապետի պնդմանը, որ հարկավոր է ամեն ինչ անել, որ պատերազմ չլինի, ներկաներից մեկն արձագանքեց, որ մեր հողերը հանձնելով պատերազմ չի լինի, ինչին Փաշինյանը պատասխանեց․ «Մեր հողերից ոչ մի մմ-ի մասին խոսք չի գնում։ Մենք ասում ենք տվեք մեր հողերը, իրենք էլ ասում են մեր հողերը տվեք։ Իրենք ասում են՝ ձեր գյուղերից ոչ մեկը մեր տիրապետության տակ չէ։ Վերջերս Սահմանագծման հանձնաժողովն Անվտանգության խորհրդում ներկայացրել է ՀՀ սահմանները։ Մենք այսօր 1 մմ ճշտությամբ գիտենք` Հայաստանի սահմանը որտեղ է»։