Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Երևան քաղաքի Նոր նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում։
Ավելի վաղ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգեր են ստացվել Լվովյան փողոցում գտնվող հասարակական նշանակության տարածքներում բնակելի շինությունները քանդելու վերաբերյալ։ Մասնավորապես, քաղաքացիները հայտնել են, որ այդ շինություններում տարիներ շարունակ բնակվել են, և այժմ բնակության նպատակով այլ տարածք տեղափոխվելու, ինչպես նաև իրենց անձնական գույքը փոխադրելու հնարավորություն դեռևս չունեն:
Ահազանգերի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների հիման վրա՝ Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ։ Համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով կապ է հաստատվել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ։
Բարձրացված հարցի կապակցությամբ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով գրություն կհասցեագրվի Երևանի քաղաքապետարան։
Խնդիրը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։