Հալալա ձեզ, չեք էլ պատկերացնում՝ ինչ ցնծություն եք պարգևել ողջ հայ ժողովրդին. ՀԱՕԿ նախագահը՝ չեմպիոններին

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունելություն էր կազմակերպել Հայաստանին փառք ու պատիվ բերած մարզիկներին։ Կարատե, ըմբշամարտ ու ծանրամարտ. այս սպորտաձևերի մեր մարզիկները արդեն հասցրել են տարբեր մրցաշարերում բարձրացնել հայոց եռագույնը ու բերել մեդալներ։

ՀԱՕԿ նախագահը նշում է, որ այս հաղթանակները ամբողջ հայությանն են ցնծության պահեր պարգևել։

«Սիրելի չեմպիոններ, այնպիսի բան եք արել, որ ողջ հայությունը ցնծության մեջ է՝ ուրախացած, հիացած։ Իրենց կողմից ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել։ Ապրեք, հալալա ա ձեզ»,-սրտանց ասում է Գագիկ Ծառուկյանը հաղթանակած մարզիկներին ու հավելում. «Այդ հաղթանակի պահին չեք էլ իմանում ինչ եք արել, բայց դու կարողացել եք ժողովրդին այս ծանր պահին հաղթանակ պարգևել ու մեր երկրին ճանաչում տալ»։

ՀԱՕԿ նախագահը հիշեցնում է, որ առջևում օլիմպիական խաղերն են, որի համար ամեն ինչ արված է, մնում է՝ 4-5 ամիս շարունակել մարզվել ու գնալ օլիմպիական մեդալների հետևից։

«Հալալա ձեզ, ապրեք՝ որպես հայորդիներ, որպես հայ ժառանգներ, ապրեն ձեր ծնողները»,-հավելեց Գագիկ Ծառուկյանը։

Կիսվել ձեր ընկերների հետ