Գեղարքունիքի Վարդենիկ գյուղի հնագույն պատմական ժառանգություններից է նաև համանուն գետի հարակից բարձունքներից մեկի վրա գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռը:
Մատուռի ներսում և հարակից տարածքում պահպանված են վաղ և զարգացած միջնադարյան արվեստի բացառիկ նմուշներ հանդիսացող բազմաթիվ խաչքարեր: Վայրի խորհրդավորությունն ու սրբադասումը կապված է հենց այս բացառիկ խաչքարերի անվան հետ:
Այս խաչքարերի հետ հիմնականում կապվում են մաշկային մի քանի հիվանդությունների (ներբանային գորտնուկ, երեթիկ) բուժումը:
Տեղի խաչքարերը համարվում են ծաղկած խաչքարեր, քանի-որ նրանց թևերը զարդարված են ծաղիկներով, և Հայաստանի տարածքի հիմնական խաչքարերից տարբերվում են նրանով, որ նրանց վրա զետեղված չէ հավերժության հայկական նշաններից ոչ մեկը:
Մատուռի ներում գտնվող բավականին մեծ չափսերի հասնող սյունաքարերը, որոնք նախկինում նախատեսված են եղել եկեղեցիների տանիքը պահելու համար վկայությունն են այն բանի, որ տարածքում եղել է խոշոր եկեղեցի:
1828 թ.-ին Վարդենիկի վերաբնակեցումից հետո այս վայրը վերստին դառնում է գյուղի առավել հայտնի սրբավայրերից մեկը, որտեղ այցերը հաճախակի են լինում տաղավար տոներին: