Հայաստանի Հանրային Ռադիո…Արթուրն ու էլինան ծանոթացան ուսումնական միջավայրում, երբ աղջիկը սովորում էր Արցախի պետական համալսարանին կից վարժարանում, իսկ Արթուրը նույն համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի երրորդ կուրսում էր։ Ամուսնացան 2007 թվականին, երկու զավակ ունեցան՝ աղջիկ , տղա։ Գեղեցիկ ընտանիք էին ստեղծել, երկուսն էլ երջանիկ էին նաև իրենց մասնագիտական կյանքում։ Էլինան դպրոցում քիմիա և կենսաբանություն էր դասավանդում, Արթուրը թիթեղագործ էր՝ Արցախում շատերի կողմից ճանաչված որպես «ժեշտանչի Արթուր»։ Երջանիկ էին մինչև 2020-ի 44-օրյա պատերազմը։ Արթուրը կամավոր էր մեկնել պատերազմ, Վարանդայի շրջանում էր, որտեղ էլ հոկտեմբերի տասին զովեց ԱԹՍ-ի հարվածից։ Մահից վեց ամիս անց տանը՝ սառնարանի տակ թուղթ գտան, Արթուրի նամակն էր․ «Եթե չվերադառնամ, Էլի՛ն, ուրեմն ամբողջ հոգսը քեզ վրա է, պիտի առաջ շարժվես ու երեխաներին հասցնես իրենց նպատակին։ Ինչպես մայրս է մեզ մենակ մեծացրել(Արթուրի հայրը զոհվել է առաջին արցախյան պատերազմում), այնպես էլ դու կմեծացնես մեր զավակներին։ Էդուարդ և Լինա՛, խելոք կլինեք, մայրիկին կլսեք, տատիկին չանտեսեք։ Վերևից միշտ հետևելու եմ ձեզ։ Երբ մեծանաք, ուզում եմ, որ բժիշկ դառնաք․․․»։
Արթուրի երազանքն իրականացնելու համար շրջափակումից առաջ Էլինան Հայաստան էր եկել։ Ուզում էր որդին Հայաստանում ավարտեր դպրոցը, որպեսզի հետո Հերացու անվան բժշկական քոլեջ ընդունվեր։ Ճանապարհը փակվեց ու Էլինան այլևս չկարողացավ վերադառնալ Արցախ։
«Ծնողի համար ամենասարսափելի վիճակն է, երբ երեխաներիցդ հեռու ես՝ իմանալով, որ նրանք ուտելու կարիք ունեն։ Մեղքի զգացումից մի քանի ամիս միայն հնդկաձավար եմ կերել։ 2023-ի փետրվարի վերջին Ռուբեն Վարդանյանի օգնությամբ և Կարմիր խաչի միջամտությամբ ի վերջո կարողացա երեխաներիս Հայաստան տեղափոխել»,-պատմում է Էլինան։
Այժմ ապրում են Երևանում։ Աղասի Խանջյանի անվան թիվ 53 հիմնական դպրոցում Էլինան քիմիա և կենսաբանություն է դասավանդում։ Միաժամանակ փոքրիկ բիզնես ունի․ Sunny Artsakh-ի մրգային չիպսերն ու թեյերը հասցրել են սիրվել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Զբաղվածությունը տխուր մտքերից պաշտպանվելու լավագույն միջոցն է։ Փորձում է ամուր լինել ու առաջ շարժվել, ու այդ հարցում շատ է օգնում Արթուրի նամակը։