Արցախից տեղահանված մեր հայրենակիցները պատերազմի ընթացքից ու գաղթի ճանապարհին տեղի ունեցած իրադարձություններից հավանական ու անհավանական պատմություններ շատ են պատմում։ Դրանց մի մասը վերաբերում է ադրբեջանցիների կողմից անմարդկային վերաբերմունքին։
6-օրյա պաշարումից հետո սեպտեմբերի 25-ին տեղահանվեց Մարտունու շրջանը։ Հազարավոր արցախցիներ բռնեցին Ստեփանակերտ տանող ճանապարհը, իսկ «Հարավի յալ» կոչվող տեղանքում արդեն տեղադրված է եղել ադրբեջանական բլոկ-պոստը, որտեղ մեկ առ մեկ կանգնեցրել են հայկական մեքենաները, իջեցրել անձնակազմին, ստուգել։
«Ժամերով միևնույն վայրում մեր մեքենան կանգնած է եղել, առաջ ենք գնացել շատ դանդաղ։ Երբ հերթը հասավ մեզ, բարակ անձրև էր տեղում։ Անձրևի ժամանակ սկսեցին մեքենաներն արագ ստուգել։ Երբ հասան մեր մեքենային, տղաս իջավ, որ ստուգվելու համար բացի մեքենայի բեռնախցիկը։ Սև համազգեստով ադրբեջանցի ծառայողը նկատելով որդուս՝ Հենրիկի ոսկե շղթան, քաշել պոկել է վզից ու վերցրել։ Հետո հարցրել է՝ «մեքենայում զենք կա՞», բացասական պատասխան ստանալուց հետո «բարի ճանապարհ» մաղթել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Սոս գյուղից Յուրի Հենրիկյանը։
Նրա 22-ամյա որդին էլ ասաց, որ մեքենաների ստուգումները ձևական բնույթ էին կրում, ադրբեջանցիներն ավելի շատ հարստություն էին փնտրում մեքենաներում։
«Կարծում եմ, մենք առաջինը չենք, նման դեպքեր էլի են եղել, որ կողոպտվել են։ Ադրբեջանցիներին փող ու ոսկի էր պետք, ուղղակի իմ վզնոցը նկատել վերցրել են։ Շատ ջղային վիճակում էին, կարծում եմ՝ դա էլ պայմանավորված է եղել տարիքիս հետ, նրանք մտածել են ջահել տղա եմ, ուրեմն մասնակցել եմ մարտերին»,- ասաց Հենրիկը Հենրիկյանը։
MediaHub-ի տեղեկություններով, գաղթի ճանապարհին ադրբեջանցիների կողմից բռնի տեղահանվող արցախցիներից գողություններ կատարելու շատ դեպքեր են արձանագրվել։ Նմանատիպ դեպք տեղի է ունեցել ճարտարցի մի ընտանիքի հետ, իսկ ահա գերեվարված սառնաղբյուրցի Գայանեի պայուսակից գողացել են նրան պատկանող 500 հազար դրամն ու 3 կտոր ոսկին, որն այս դեպքում էլ հետ չեն վերադարձրել։