Անգելինան թերթում է Արցախից բերված ընտանեկան վերջին լուսանկարն ու ներկայացնում դրա պատմությունը։ Հայրը՝ Արմեն Աբրահամյանը, այս լուսանկարում երկրորդ ու վերջին անգամ է տեսնում սիրելի թոռնիկին, հետո շրջափակում էր, վառելիքի բացակայության պայմաններում Մարտունի-Ստեփանակերտ և հակառակ ուղղությամբ գնալն գալն անհնրարին էր դարձել և հետո զինվորական մարդու սովորական առօրյայով էր ապրում, որ կարող էր շաբաթներով, նույնիսկ ամիսներով գնալ դիրքեր, մնալ։
«Հայրս 50 տարեկան էր, բայց անցել է բոլոր պատերազմների արհավիրքներով, հարուստ մարտական ուղի ունի։ Իր համեստ ներդրումն է ունեցել Արցախի ազատագրական պայքարում և այդ տարիներին նոր ստեղծված պաշտպանության բանակի կազմավորման գործում։ Միշտ հպարտությամբ է ասել, որ Արցախի բանակի առաջին զինվորներից է եղել ու մեզ հաղթանակ բերողներից մեկը»,- պատմում է դուստրը։
Արմենի պայքարը սկսվել էր վաղ երիտասարդության շրջանում ու շարունակվել մինչև այն պահը, երբ Հարավի դիրքերում ընկել է հերոսաբար։ Անգելինայի խոսքով՝ Արմեն Աբրահամյանը մի քանի անգամ վիրավորում էր ստացել, բայց ապաքինվել ու նորից շարք է վերադարձել։ Անգամ ծառայությունից դուրս գալուց հետո, 2006 թվականից շարունակել է մարդասիրական առաքելությունը՝ «The Hallo Trust» ականազերծման կազմակերպությունում որպես սակրավոր։
«44-օրյա պատերազմի ժամանակ աշխատում էր Ասկերանի զորամասում որպես խոհարարի օգնական և հաց էր մատակարարում դիրքեր։ Հոկտեմբերին կամավոր ցանկությամբ մասնակցել է Ավետարանոց գյուղի պաշտպանության մարտերին, իսկ պատերազմից հետո նորից շարունակել ականազերծման գործը, քանի որ պատերազմից հետո ամենուր չպայթած զենք-զինամթերք է եղել Արցախում։ Հետո զինվորագրվել էր նոր-նոր ձևավորված աշխարազոր ուժերի հետախուզական վաշտում։ Մենք չենք հիշում մի ժամանակաշրջան, երբ մեր տանը զինվորական համազգեստ չի եղել։ Երբ կռիվը սկսվեց նա Հարավի դիրքերում էր։ Բոլորը գիտեն, որ այնտեղ կռիվն առաջինն է սկսվել և համեմատաբար ավելի թեժ է եղել»,- ասում է մեր զրուցակիցը` նշելով, որ այդ օրն Արմենը միայն կնոջն է զանգահարել։ Հակառակ նրա անհանգստությանն Արմենը վստահեցրել է, որ ամեն բան լավ է, ասել է՝ «երեխաների մոտ կլինես»։
Արմենը մեկ թոռ ունի՝ Անգելինայի դուստրը, որն ապրում էր Մարտունիում։ Պապը թոռանը 2 անգամ էր տեսել, վերջինը՝ երեխայի 40 օրականի օրը, ինքն է ասել, որ նկարեն։
Սեպտեմբերի 19-ին Հարավի դիրքերում ականանետի պայթունից ծանր վիրավորում է ստացել նաև Արմենը։ Նույն օրը նրան տեղափոխել են հոսպիտալ։ Մեկ օր շարունակ բժիշկները նրա կյանքը փրկելու համար արել են անհնարինը, բայց հաջորդ օրը հիվանդասենյակում մահացել է, որից հետո նրան տեղափոխել են դիահերձարան։
«Ընտանիքիս անդամները չգիտեին դրա մասին, ես առավել ևս, քանի որ Ստեփանակերտ տանող ճանապարհը փակ էր, կապն էլ՝ խափանված։ Ընտանիքիս անդամները հորս փնտրելիս, նույն անուն ազգանունով 2 հոգի են գտել, մեկը՝ վիրավոր վիճակում։ Հույս ենք պահել, որ ողջ կգտնվի, բայց եղբայրս նրան գտել է մորգում»…
Անգելինայի ընտանիքն Արմենի հուղարկավորությանը չմասնակցեց։ Արմենը երկրային կյանքին հրաժեշտ տվեց կարոտը սրտում, շատ էր ուզում թոռան հետ շփվեր ու զավակների հետ ավելի շատ ժամանակ անցկացներ… չհասցրեց։
«Այդ օրերին իրավիճակը սարսափելի խառն էր Ստեփանակերտում և գյուղերում։ Դեռ Արցախի հայաթափման ու գաղթի մասին խոսք չկար, կյանքի ճանապարհն էլ շարունակ փակ էր։ Հորս հուղարկավորել են Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում։ Հիմա, կարոտն աննկարագրելի ցավոտ է։ Հաճախ Եռաբլուր ենք բարձրանում, որ հորս ու Արցախում մնացած մեր եղբայրների կարոտն առնենք հերոս տղաներից»,- հավելում է Անգելինա Աբրահամյանը։