Լոս Անջելեսում կրկին հրդեհներ են սկսվել, որի պատճառով մոտ 31,000 բնակչի հրահանգվել է տարհանել, ևս 23,000-ին կոչ է արվել դա անել: Հրդեհն ազդել է Լոս Անջելեսի և Վենտուրայի շրջանների վրա, չորեքշաբթի օրը մի քանի ժամվա ընթացքում քամու ուժգնացումից և չոր թփուտներից առաջացած հրդեհի տարածքն աճել է ավելի քան 9200 հեկտարով: Հրշեջ ծառայության ներկայացուցիչները վստահություն են հայտնել, որ հրդեհը կհաջողվի վերահսկողության տակ վերցնել:
MediaHub-ի հետ զրույցում Լոս Անջելեսի բնակիչներից մեկն ասաց, որ տարհանվելու հրահանգ են ստացել.
«Այս անգամ հրդեհը բավականին մոտ է մեզ, հրահանգ ենք ստացել տարհանվել, սակայն, դեռ այս պահին չենք տարհանվել, մտածում ենք, ամեն դեպքում, ապահովության համար գնալ մի այլ շրջան և սպասել, տեսնենք՝ ինչ կլինի»,– նշեց Մարինեն։
Նա հավելեց, թե այս պահին կրակն այնպես չէ, որ տան կողքին է, բայց ծուխը երեևում է իրենց տնից։
«Շատ արագ է տարածվում կրակը, բավականին արագ հասնում է այլ տներ, դե փայտից տներ են, բայց այս անգամ կրակն այնպես չի, որ շատ ուժեղ է, եթե համեմատենք մի քանի օր առաջ տեղի ունեցած հրդեհների հետ։ Իսկականից հոգնել ենք այս հրդեհներից, նորություններից, հոգնել ենք տարհանվելու հրահանգներից… առաջին անհարաժեշտության առարկաները հունվարի սկզնբից դրված են դռան մոտ, որ մի բան լինի՝ արագ վերցնենք և գնանք»,– ասաց Մարինեն։
Մեր զրուցակիցը հավելեց, որ ճանաչում է մարդկանց, որոնք կորցրել են իրենց տները.
«Հա, իհարկե, փոխհատուցում կստանան, բայց այդ ցավը, որ քո տունը կորցրել ես, որ ամենը նորից պետք է անես, և, փաստացի, հայտնվում ես դուրսը՝ ահավոր է։ Մի օրում տունն այրվեց մինչև վերջ, ահավոր էր։ Այս հրդեհները շատերն են ասում, որ արհեստական են, բնածին են, արդեն չգիտենք, թե ինչ մտածենք։ Հույս ունենք, որ շուտ կվերջանան հրդեհները»,– նշեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ Լոս Անջելեսի անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել, նրանք սկսեցին տարածվել Լոս Անջելեսի շրջանում հունվարի 7-ից: Ըստ օդերեւութաբանների՝ հրդեհի արագ տարածման պատճառ է դարձել չոր ու շատ քամոտ եղանակը։ Շրջանում հրդեհների ընդհանուր մակերեսը գերազանցել է 16 հազար հեկտարը։ Հրդեհը ոչնչացրել է ավելի քան 12,300 շենք, այդ թվում՝ հայտնի մարդկանց սեփականություն: Վերջին տվյալներով՝ զոհվել է 25 մարդ։ Հրդեհների տնտեսական վնասը գերազանցում է 250 միլիարդ դոլարը։