Այսօր՝ հունվարի 16-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ հարակից տեխսպասարկման կետում, կրակ և ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ, 11-րդ, 12-րդ և 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկներ: Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը: Տեղում հայտարարվել է հրդեհի «1 ԲԻՍ» աստիճան:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Ալաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վլադիմիր Վաչյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը:
Պարզվել է, որ տարածքը սպասարկում է Կոտայքի մարզը, ինչից հետո դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա ատասխանատու, նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գազալցակայանի մոտ գործող յուղերի և պահեստամասերի խանութում: Խանութն ամբողջությամբ այրվել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Հրշեջների աշխատանքը տեղում ղեակավարել է ՓԾ Երևան քաղաքի վարչության պետ Ա. Կիրակոսյանը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է: