Տաք թեյը կարող է քաղցկեղ առաջացնել

Տաք թեյի օգտագործումը սպիրտային խմիչքների և ծխելու հետ մեծացնում է կերակրափողի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Այսպիսի եզրակացության են եկել չինացի գիտնականները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հետազոտողները 9 տարի շարունակ ուսումնասիրել են 30-ից մինչև 79 տարեկան 456 հազար մարդու առողջական վիճակը և սննդային սովորությունները: Այս ընթացքում նրանց մոտ հայտնաբերվել է կերակրափողի քաղցկեղի 1731 դեպք:

Գիտնականները պարզել են, որ նման օնկոլոգիան հինգ անգամ ավելի հաճախ է հանդիպում հիվանդների մոտ, որոնք կանոնավորապես տաք թեյ են խմել և ամեն օր 15 գրամից ոչ պակաս ալկոհոլ են օգտագործել: Միևնույն ժամանակ, կերակրափողի քաղցկեղը 2 անգամ ավելի հաճախ է գրանցվել տաք ըմպելիքներ նախընտրողների շրջանում, որոնք նաև ծխել են:

Հետազոտության հեղինակների ենթադրությամբ՝ 65 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճանով ըմպելիքները ջերմային վնասվածք են հասցնում ներքին օրգաններին, ինչը կարող է մեծացնել օնկոլոգիայի առաջացման հավանականությունը: Նրանք կոչ են անում զգույշ վերաբերվել չափազանց տաք հեղուկներին՝ հատկապես ծխախոտի և ալկոհոլի միաժամանակյա օգտագործման դեպքում:

Կիսվել ձեր ընկերների հետ