Ծանոթացեք…խատուտիկ…աճում է նաև Երևանում..բուժում է բազմաթիվ հիվանդություններ

Խատուտիկ՝ արևի հետ արթնացող բուժարարը

Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է։
Հայրենիքը Եվրասիան է, տարածված է նաև Ամերիկայում և Ավստրալիայում։ 1859թ. հրապարակվել է գիտնական Բոնյերի աշխատանքը, որտեղ բերվել են ապացույցներ, որ նույն բույսի սերմերից` կախված շրջակա միջավայրի կլիմայական և այլ պայմաններից, ստացվում են ձևով և չափերով տարբերվող այլատեսակներ։ Այս երևույթին մենք ականատես ենք լինում` թեկուզ շրջելով մեր սիրելի մայրաքաղաք Երևանում։

Խատուտիկի օրինակով մենք կարող ենք համոզվել, որ բույսերը նույնպես ունեն ցավի զգացողություն` սնամեջ ծաղկացողունից կտրված երկայնային հատվածը կծկվում է, ինչպես զսպանակը։

Խատուտիկի ծաղկման շրջանը բավականին երկար է, բնության իրական հրաշք են խատուտիկի սերմերը, որոնք կառուցվածքով շատ նման են օդապարիկի։

Հետաքրքիր է, որ սերմը կարող է զարգանալ նույնիսկ առանց լիարժեք բեղմնավորման` ընդամենը մեկ բույսը կարող է մեծաքանակ սերունդ տալ։

Խատուտիկն ընդգրկված է բազմաթիվ երկրների դեղաբանական ցանկերում, գիտական բժշկությունը հիմնականում օգտագործում է բույսի արմատները` որպես լեղամուղ միջոց խոլեցիստիտի, անացիդ ստամոքսաբորբի, քրոնիկ փորկապության բուժման համար։

Արմատում շատ է ինուլինը, պարունակվում են նաև սպիտակուցներ, օրգանական թթուներ, լորձ, եթերային յուղեր, վիտամիններ, կալիում և կալցիում, բույսին բնորոշ գլիկոզիդներ։
Ծաղիկները և տերևները պարունակում են ասկորբինաթթու, կարոտին, B խմբի վիտամիններ` B1, B2, նիացին, քոլին, նաև պրոտեին, գլիկոզիդներ, սապոնին, դառնանյութ, սպիրտներ, կաուչուկ, երկաթ, մարգանեց և այլն։

Որպես բուժիչ հումք` մթերում են արմատները, որոնք հավաքում են աշնանը` տերևների թառամելուց հետո, չորացնում են տաք, լավ օդափոխվող տարածքում, մինչև դադարի կաթնային հյութի արտադրանքը։ Աշնանն ինուլինի պարունակությունն արմատներում հասնում է 40 տոկոսի։
Ժողովրդական բժշկությունը կիրառում է նաև ծաղիկները և տերևները, որոնք ուտելի են։
Զգուշացում։ Խատուտիկը կլանում է մթնոլորտից վնասակար նյութերը, հատկապես` կապարը։ Հավաքեք մայրուղիներից հեռու վայրերում` 30 կմ և ավելի։
Տերևն ունի հակամանրէ, հակաբորբոքային, արյունարգել, վերքամոքիչ, լեղամուղ հատկություններ։

Իսկ արմատը` քրտնամուղ, լեղամուղ, լուծողական, թույները հեռացնող (հակատոքսիկ), հակասկլերոտիկ, հանգստացնող, հակաալերգիկ հատկություններ։

Կիսվել ձեր ընկերների հետ