Արգանդի իջեցում կամ պրոլապս. Մանրամասնում է գինեկոլոգը

Կանանց շրջանում տարածված խնդիրներից մեկի՝ արգանդի իջեցման պատճառների ու հնարավոր բարդությունների մասին Aysor.am-ը զրուցել է գինեկոլոգ Գայանե Մկոյանի հետ։

— Բժշկուհի, ի՞նչ է արգանդի իջեցումը կամ արտանկումը և ո՞ր գործոնների ազդեցությամբ է տեղի ունենում։

— Արգանդի իջեցումը կամ արտանկումը տեղի է ունենում կապանային ապարատի և ֆասցիաների թուլացման հետևանքով:

Արգանդի և հեշտոցի իջեցման, արտանկման հիմնական պատճառներ են՝
ծանր ֆիզիկական աշխատանքը,
դժվար ծննդաբերությունը,
հյուսվածքների ատրոֆիան տարեցների մոտ,

Մենոպաուզալ շրջանում նաև մեծ դեր ունի էսթրոգենների անբավարարությունը։

— Ի՞նչ ախտանշաններով է բուժառուն դիմում բժշկին։

— Նախնական գանգատներն են՝ անմիզապահություն, աղիների գործունեության խանգարումներ, ցավեր որովայնի շրջանում, անհարմարություն սեռական հարաբերությունների ժամանակ:

— Ինչպե՞ս է կատարվում տվյալ խնդրի ախտորոշումը։

— Հեշտոցի պատերի և արգանդի իջեցման խնդիրը հայտնաբերվում է գինեկոլոգիական հետազոտության ընթացքում։

— Որո՞նք են բուժման եղանակները։

— Ոչ շատ բարդ  դեպքերում կիրառվում է ոչ վիրահատական բուժում: Հեշտոցի պատերի և արգանդի իջեցման առավել բարդ դեպքերում բուժումն իրականացվում է վիրահատական եղանակով: Հաճախ կիրառվում են նաև օղակներ և պեսարիաներ, որոնք կրում են ժամանակավոր բնույթ:

— Ինչպե՞ս կանխարգելել խնդրի առաջացումն ու խուսափել բարդություններից։

— Եթե կատարվում է պլաստիկ միջամտություն, ցանկալի է, որ կինը ծննդաբերի կեսարյան հատման միջոցով:

Սիրելի կանայք բարդություններից խուսափելու համար մի հետաձգեք բժշկի այցելությունը

Եղե՛ք առողջ:

Կիսվել ձեր ընկերների հետ