«Կախարդական դեղահաբ»՝ քաշից ազատվելու համար

Սինգապուրցի գիտնականները ստեղծել են մի յուրահատուկ դեղապատիճ, որն օգնում է ճարպակալումով հիվանդներին քիչ ուտել ու վերահսկողության տակ պահել քաշը:

Science Daily գործակալության տվյալներով՝ ավելորդ քաշի դեմ պայքարում այս հայտնագործության հաջողությունը պայմանավորված է նրանով, որ ստամոքսում հայտնված դեղապատիճը կարող է ուռչել՝ առաջացնելով հագեցածության զգացում: Արդյունքում մարդն սկսում է ավելի քիչ սնունդ օգտագործել, ինչն էլ հանգեցնում է ավելորդ քաշի նվազման:

Ինչպես բացատրում են գիտնականները, հատուկ մեխանիզմի շնորհիվ դեղապատիճում պարունակվող աղը փոխզդեցության մեջ է մտնում անվնաս թթվի հետ, ինչի արդյունքում արտազատվում է ածխաթթու գազ, որն էլ լցնում է դեղապատիճի խոռոչը:

Այս հայտնագործությունն առայժմ չի փորձարկվել մարդկանց վրա, ինչը գիտնականների մոտ որոշ մտավախություններ է առաջացնում: Բանն այն է, որ նախկինում կիրառվել է նմանատիպ մեկ այլ միջոց՝ ներստամոքսային բալոնավորում, որը հիվանդների 20 տոկոսի մոտ սրտխառնոց ու փսխում էր առաջացնում: Այս տհաճ կողմնակի բարդությունների հետևանքով մասնագետներն ստիպված էին լինում հեռացնել բալոնը, ուստի այս դեղապատիճի դեպքում մասնագետները մտադիր են անել հնարավոր ամեն բան՝ կողմնակի բարդություններից խուսափելու համար:

Կիսվել ձեր ընկերների հետ