tert.am/medicine-ը գրում է. Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը բացատրել է՝ ինչու է երբեմն սեռական ակտից հետո վատթարանում ինքնազգացողությունը։
«Հետ-օրգազմիկ (հիվանդությունը) սինդրոմը քիչ հանդիպող վիճակ է, երբ որոշ մարդիկ սեռական ակտիվությունից հետո (հարաբերություն կամ մաստուրբացիա) ունենում են հարբուխանման սիպտոմներ, ինչպես նաև այլ ինքնազգացողության խանգարումներ՝ հոգնածություն, թուլություն, գլխացավ, ջերմություն, տեսողական խանգարումներ, ջերմահորդանք կամ մրսածության զգացողություն, աչքերի մրմռոց կամ արցունքահոսություն, քթի փակվածություն, մկանային կծկանքներ և ցավեր, հավասարակշռության խանգարումներ:
Վատթարացումը կարող է ի հայտ գալ օրգազմից մի քանի րոպե կամ մի քանի ժամ հետո: Սովորաբար այդ սիմպտոմները կարող են տևել 1 շաբաթ, ինչը բավականաչափ անհանգստություն է պատճառում նրանց: Հաճախ դա կարող է հանգեցնել սեռական ակտիվությունից հրաժարվելուն:
Հետ-օրգազմիկ սինդրոմը կարող է լինել առաջնային կամ երկրորդային. Առաջնայինի ժամանակ սիմպտոմները դրսևորվում են սեռական կյանքը սկսելու հենց սկզբից, երկրորդայինի դեպքում՝ ավելի ավագ տարիքում, որոշ ժամանակ սեռական կյանք վարելուց հետո:
Ենթադրվում է , որ այս խնդիրները կապված են օրգանիզմում ալերգիկ, աուտոիմուն խանգարումների հետ, ինչպես նաև գլխուղեղում քիմիական բալանսի խախտման հետ (chemical imbalance):
Բուժման սպեցիֆիկ մեթոդներ չկան, բայց որոշ մարդկանց մոտ սիմպտոմները կոմպեսացվում են կիրառելով անտիհիստամինային, սերոտոնինի հետադարձ կլանումը կանխող պրեպարատներ, բենզոդիազեպինային շարքի դեղեր և այլն:
Հետ-օրգազմիկ սինդրոմ ունեցող պացիենտները անպայման պետք է դիմեն բժշկական օգնության, հետազոտվեն և իրականացնեն բուժում՝ սեռական առողջությունը վերականգնելու համար», — նշել է մասնագետը: