Գարնանը մարդու օրգանիզմն ունենում է օգնության կարիք, քանի որ իմունային համակարգը թուլանում է: Սակայն նման դեպքերում անմիջապես դեղորայք ընդունելու անհրաժեշտություն չկա, քանի որ բոլորի խոհանոցում էլ կան համեմունքներ, որոնք կօգնեն վերականգնել թուլացած իմունային համակարգը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ համեմունքներից ամենաարդյունավետները:
1. Մշկընկույզ
Մշկընկույզը հարուստ է մեծ քանակությամբ А, В, С վիտամիններով, ֆոլաթթվով, մագնեզիումով, կալիումով ու ցինկով, որոնք պաշտպանում են օրգանիզմը գրիպից ու մրսածությունից: Բացի այդ, մագնեզիումն օգնում է հանգստանալ ու ազատվել անքնությունից: Ժողովրդական բժշկության մեջ այս համեմունքն օգտագործվում է որպես ցավը մեղմող ու մարսելախանգարումը բուժող միջոց:
2. Քրքում
Քրքումը բնական հակաբիոտիկ է, որը պայքարում է հիվանդությունների դեմ: Իր հակաբորբոքային, հայաբակտերիալ ու հակավիրուսային հատկությունների շնորհիվ այն դարեր ի վեր օգտագործվել է չինական բժշկության մեջ: Բացի այդ, այն նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունն ու օգնում է ազատվել ավելորդ քաշից:
3. Հիլ
Հիլը հզոր հակասեպտիկ միջոց է, որն օգտագործվում է մրսածության ու տարատեսակ վարակների բուժման համար: Այս համեմունքն օգնում է ազատվել հազից ու կոկորդի ցավից: Բացի այդ, այն արագացնում է նյութափոխանակությունն ու խթանում է մարսողական համակարգի աշխատանքը:
4. Կոճապղպեղ
Կոճապղպեղն օժտված է հզոր հակաբորբոքային հատկություններով և օգնում է մեղմել ցավը: Բացի այդ, այն մարսողությունը բարելավելու ամենատարածված բնական միջոցն է: Ընդ որում՝ թարմ կոճապղպեղը շատ ավելի օգտակար է, քան չորացրածը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել այն թարմ վիճակում:
5. Աստղաձև անիսոն
Այս համեմունքը հիանալի միջոց է վիրուսային հիվանդությունների ու հազի դեմ պայքարելու համար: Բացի այդ, այն արդյունավետ կերպով թարմացնում է շնչառությունն ու ազատում է բերանի խոռոչի տհաճ հոտից:
6. Դարչին
Դարչինն ամենաօգտակար համեմունքներից մեկն է և օժտված է հզոր հակաբորբոքային ու հակավիրուսային հատկություններով: Ժողովրդական բժշկության մեջ այն նաև օգտագործվում է որպես ցավազրկող ու հակասեպտիկ միջոց: Բացի այդ, այն հիանալի կանխարգելիչ միջոց է գրիպի ու մրսածության դեմ: Ամենից օգտակարը դարչնի ու մեղրի խառնուրդն է, որն օգնում է ազատվել կոկորդի ցավից, հազից ու քթի փակվածությունից:
7. Հազրեվարդ
Հազրեվարդը հիանալի հակասեպտիկ ու տոնուս հաղորդող միջոց է, ինչի շնորհիվ օգնում է բուժել մրսածությունը, գլխացավերն ու մկանային ցավերը: Բացի այդ, այն արդյունավետ կերպով մեղմում է ասթմայի ախտանշանները: Այն հաճախ օգտագործվում է արոմաթերապիաների ժամանակ, քանի որ այս բույսի բույրը հանգստացնում է, ազատում է հոգնածությունից ու բարելավում է տրամադրությունը:
8. Ուրց
Ուրցը շատ տարածված համեմունք է: Դեռ Հին Հռոմում զինվորները լոգանքի ջրին ուրց էին ավելացնում՝ ուժերը վերականգնելու համար: Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է այս համեմունքի եփուկը՝ հազի, բրոնխաբորբի և ասթմայի ժամանակ ողողումներ անելու համար:
9. Եղեսպակ
Եղեսպակը լավագույն հակամանրէային միջոցներից մեկն է, որը ժողովրդական բժշկության մեջ կիրառվում է բորբոքումները բուժելու և մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար: Բացի այդ, եղեսպակի եփուկը խորհուրդ է տրվում ընդունել վիրուսային վարակների, ձայնի խռպոտացման և նշիկաբորբի դեպքում:
10. Մեխակ
Մեխակն օգնում է ամրապնդել իմունային համակարգն ու ազատվել ախտածին բակտերիաներից: Բացի այդ, այն հիանալի կանխարգելիչ միջոց է գրիպի դեմ, օգնում է բարելավել ախորժակն ու ազատվել բերանի խոռոչի տհաճ հոտից:
Նշված համեմունքները կօգնեն զգալիորեն բարելավել առողջական վիճակն ու ամրապնդել իմունային համակարգը: Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների ու ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է դիմել բժշկին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել առողջության համար: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կարող է ճիշտ ախտորոշել խնդիրն ու նշանակել անհրաժեշտ բուժումը: