Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ

Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին «ամազոնուհիների»՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:

Նախիջևանում գտնվող բրոնզեդարյան նեկրոպոլիսի գերեզմանների պեղումները ցույց են տվել, որ կանանց թաղել են զենքերով. մասնավորապես հայտնաբերվել են ածելիի պես սուր նետերի գլխիկներ, բրոնզե դաշույն և մական, ինչպես նաև զարդեր:

Հնագետները եկել են այն եզրակացության, որ նրանք կարող էին լինել «ամազոնուհիներ»։ Այս կանայք հայտնի էին տղամարդկանցից զերծ իրենց հասարակությունով և մարտի դաշտում հմտությամբ, հատկապես, երբ խոսքը վերաբերում էր նետ ու աղեղին:

Պատմաբան Բեթանի Հյուզը Observer-ին ասել է. «Սա ցույց է տալիս, որ հին հունական առասպելների և լեգենդների հետևում ճշմարտություն կա»:

Նա ընդգծել է, որ այս ապացույցն առավել նշանակալից է, երբ կապվում է ավելի վաղ գտածոների հետ. 2019 թվականին Ռուսաստանում հայտնաբերվել են նետերի գլխիկներով և նիզակներով թաղված չորս կին մարտիկների աճյուններ, իսկ 2017 թվականին հայ հնագետները հայտնաբերել են մի կնոջ մնացորդներ, որը, ըստ երևույթին, զոհվել է մարտական վնասվածքներից, քանի որ նրա ոտքի մեջ հայտնաբերվել է նետի ծայրը։ 1990-ականների սկզբին Ղազախստանի սահմանի մոտ հայտնաբերվել են դաշույնով թաղված կնոջ մնացորդներ։

«Որոշ կմախքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանայք լայնորեն օգտագործել են աղեղներ և նետեր: Մատների հոդերի փոփոխությունները միայն որսորդությամբ պայմանավորված չէին լինի: Դա որոշակի կայուն, լուրջ պրակտիկայի հետևանք է: Ոսկորների ուսումնասիրության բազմաթիվ արդյունքներ ցույց են տալիս, որ այս կանայք թամբի վրա շատ ժամանակ են անցկացրել: Կանանց կոնքը հիմնականում բաց է, քանի որ նրանք ձի են վարել: Նրանց ոսկորները ձևավորվել են ըստ իրենց ապրելակերպի», — մանրամասնել է գիտնականը:

Նա հավելել է, որ կանանց մնացորդների հետ հայտնաբերված զարդերը ներառում են կարնելյան վզնոցներ:

«Այն կիսաթանկարժեք քար է, որի առկայությունը վկայում է, որ այդ կանայք որոշակի կարգավիճակ են ունեցել», — նշել է գիտնականը:

Պարբերականը մանրամասնում է, որ Նախիջևանում արված բացահայտումները կներկայացվեն Channel 4 հեռուստաալիքի նոր «Աշխարհի գանձերը» վերնագրով հաղորդաշարում, որը կսկսվի ապրիլի 6-ին:

Դրվագներից մեկը՝ «Մետաքսի ճանապարհները և Կովկասը», ներկայացնում է աշխարհի այն հատվածը, որը դարեր շարունակ ականատես է եղել մշակույթների և քաղաքակրթությունների անկմանը և որտեղով անցել են Ասիան և Եվրոպան կապող առևտրային ուղիները:

Կիսվել ձեր ընկերների հետ