Ապրիլի 4-5 Երևանում առաջին անգամ կկայանա սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը, որն այսուհետ պարբերական բնույթի կկրի:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
«Երևանում կայանալիք աշխարհի գավաթը կկրի մշտական բնույթ: Միջազգային ֆեդերացիան ամեն տարի հենց մեզ է տվել գավաթի անցկացումը: Միջազգային կառույցի ուշադրությունը դեպի Հայաստան բարձր է և ցուցանիշները, որոնք մենք գրանցում ենք, կրկին բարձրության վրա է: Վստահ ենք` մեր սամբիստները միջազգային հարթակներում բարձր արդյունքներ կգրանցեն»,-ասաց Հայրապետյանը:
Վերջինիսի խոսքով` աշխարհի գավաթի խաղարկությունը ստուգատես կլինի մարզիկների համար մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ:
«Հայաստանի հավաքականը գավաթի խաղարկությանը յուրաքանչյուր քաշում կունենա երկու մասնակից: Դրանից բացի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարզիկներից մի քանիսն էլ հանդես կգան միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո ձևավորված փախստականների թիմից»,-ասաց նա:
Ապրիլի 2-ից սկսած միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները կժամանեն Երևան: Գավաթի խաղարկությանն, ընդհանուր առմամբ, կմասնակցի 17 երկրի մոտ 300 մարզիկ:
Հայաստանի սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը մեծ սպասելիքներ ունի երևանյան մրցաշարից:
«Տղաները ոգևորված են և ես լիահույս եմ, որ աշխարհի գավաթի խաղարկությունում մենք դրական արդյունքներ կունենանք»,-ասաց նա:
Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա «Գազպրոմ Արենա»-ում, իսկ մուտքն ազատ կլինի: