Ձեր ռեսուրսները պահում եք «բարձի տակ», որ ի՞նչ անեք…

hraparak.am գրում է. Եվ այսպես, մենք ականատեսն ենք, թե ինչպես է Նիկոլ աղետաբերը մեր աչքի առաջ Արցախից հետո Հայաստանը կտոր-կտոր հանձնում թշնամուն, ինչպես է քանդում երկիրը ներսից՝ իր բոլոր համակարգերով ու պետական կառույցներով: Բիրտ ուժով բերման են ենթարկվում եւ անազատության մեջ պահվում նրա քաղաքական հակառակորդները, նրա քաղաքականությունը չկիսողները: Ու այսքանից հետո նա շարունակում է պաշտոնավարել, իսկ Երեւանի փողոցներում «արշալույսները խաղաղ են»: Մարդիկ զայրանում են, անիծում, հայհոյում, բայց հողատուի ձեռքը չեն կարողանում բռնել: Իսկ հողատուն երկրի ֆինանսական ռեսուրսների մի հսկայական մասն ուղղում է իր անվտանգությունն ու աթոռը պահող ուժայիններին աշխատավարձ տալուն: Այնուամենայնիվ, ինչպես ասում են՝ գեղ կանգնի, գերան կկոտրի: Իսկ ինչու՞ չի կանգնում մեր «գեղը»:

Դե, գիտենք, որ 2020թ-ից հետո եղան շատ մարդաշատ հանրահավաքներ, որոնք ավարտվեցին անհաջողությամբ…  ամեն անգամ փողոց ելնող մարդիկ հիասթափվում էին, իսկ նրանք, ովքեր դուրս չէին գալիս, պատճառաբանում էին «նախկինների» վերադարձի անցանկալիությամբ. «Այ, որ Սերժն ու Քոչարյանը մեջտեղում չլինեն, կգնամ Նիկոլին հեռացնելու»-անհեթեթ արդարացմամբ: Եղան տարբեր փուլեր, որ երկրորդ եւ երրորդ նախագահները դուրս չեկան փողոց, ինչպես հիմա, բայց փողոցն այդպես էլ չլցվեց, նոր մարդիկ դուրս չեկան, նոր դեմքեր չհայտնվեցին: Ու փողոցը այսօր էլ դատարկ է: Այնպես որ, արդարացումը, թե երկու նախագահների գործոնն է խանգարում իշխանափոխությանը, նրանց «շնորհիվ» է Նիկոլը մնում իշխանության ղեկին, չարդարացան:

Լավ, իսկ ո՞րն է ելքը` երբ մեծ, մարդաշատ հանրահավաքներ հրավիրելու մարդկային, ֆինանսական եւ վստահության ռեսուրս ունեն միայն երկու նախկին նախագահները, որոնց անունը քարոզչական կեղտոտ հնարքներով կապվում է ոչ թե պետականաշինության եւ հաղթանակների, այլ՝ միայն թալանի հետ: Այս օրերին հանրահավաքեր են անում, մարզային այցեր կատարում Հրանտ Բագրատյանի եւ Արամ Սարգսյանի կազմակերպած «Միասին» շարժումը: Այո, մարդիկ գնում են, հանդիպում, լսում: Բայց երկու նախագահների էլեկտորատն այնտեղ չկա:

Տպավորություն է, թե երկու նախագահները Նիկոլին հեռացնելու պայմանը կապում են իրենց իշխանության գալու հետ. Իրենց՝ առաջին դիրքերում լինելու հետ: Եթե իրենք չեն գալու, այլ ուրիշները, թող ուրիշներն էլ հեռացնեն: Այս մտայնությունը կործանարար է Հայաստանի համար: Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ հասարակությունը նոր մարդիկ, նոր դեմքեր է ուզում տեսնել, որոնց անուններն արատավորված չեն «ալան-թալանի», մենաշնորհների եւ այլ չարիքների հետ: Երկու նախագահներն էլ իրենց թիմերում ունեն ազնիվ, չվարկաբեկված, բանիմաց, պրոֆեսիոնալ երիտասարդներ, որոնցից կարող են «ծաղկաքաղ» անել եւ սկսել նոր շարժում:

Սերժ Սարգսյանի թիմում կան երիտասարդ համայնքապետեր, նախկին նախարարներ, որոնք կարող են իրենց ետեւից մասսաներ հանել: Իհարկե, եթե Ազատիչը իր «դաբրոն» տա: Նույն հնարավորություններն ունի Ռոբերտ Քոչարյանը: Բայց իրենց ռեսուսրները նախկին նախագահները չեն օգտագործում, չեն հանում ասպարեզ: Բոլորին, նաեւ իրենց թիմակիցներին պահում են անորոշ սպասման մեջ: Եւ հասկանալի չէ, թե էլ ինչին են սպասում:

Իսկ արդարացումները, թե Ռուսաստանը թույլ չի տալիս Նիկոլին հեռացնել, տեղին չեն: Մենք լավ տեսանք, թե ինչպես Սերժ Սարգսյանը Ռուսաստանի քթի տակ դարձավ գունավոր հեղափոխության «մասնակից» եւ ինչպես չկարողացավ խանգարել ինչ որ մութ ուժերի իշխանության գալուն: Նախագահները նույնը կարող են անել՝ առանց իրենց բացահայտ ներկայության, այս անգամ ուղղելով իրենց սխալը՝ իշխանության բերելով ազգային գործիչների, ազգային թիմ: Ի վերջո, Ռուսաստանն արդեն ծիծաղում է մեզ վրա, որ այսքան բանից հետո հանդուժում ենք նման թույլ, հակազգային ու հակապետական ղեկավարի, որն իրեն զգում է որպես միակ եւ անկրկնելի տղամարդ: Իսկ ժամանակին իրենց միակ ու անկրկնելի տղամարդ էին զգում Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը…

 

Կիսվել ձեր ընկերների հետ