Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ներկայացրել է մեր վրա հարձակման սցենարը

Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը ՔՊ-ականների հետ Գյումրիում ունեցած հանդիպումից 3 օր անց` այսօր մոտ 13 րոպեանոց տեսանյութ է իր էջում հրապարակել։

«Մեր հայրենիքի եւ մեր երկրի նկատմամբ կան նկրտումներ։ Հայաստանի ներկայիս պաշտպանական համակարգերը, որ պետք է ապահովեին տարածքի անձեռնմխելիությունը, չեն աշխատում, պետք է հիմա լուծումներ գտնենք, թե ոնց ապահովենք մեր երկրի անվտանգությունը։ Երբ ասում ենք անվտանգություն, առաջին հերթին նկատի ունենք՝ բանակ, բայց մենք բանակ պիտի վերջում ասենք, որովհետեւ, երբ բանակը մտել է գործի մեջ, նշանակում է ամեն ինչ ավարտված է։ Մեր անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք, իսկ այդ գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է։ Որպեսզի որեւէ մեկը մեր դեմ հարձակումը արդարացնելու հնարավորություն չունենա»,-ասել է Փաշինյանը։ Նրա կարծիքով՝  Հայաստանից նախորդ 30 տարիների համար փորձելու են վրեժ լուծել եւ բացատրել է, թե ինչպես։

«Ասեն՝ իրենք մեր էս տարածքը վերցրել, չէին տալիս, մենք դրա համար հարձակվեցինք, դե մնացածն էլ կանտրոլից դուրս եկավ և այլն։ Մի շրջան է, որ մեզնից նախորդ 30 տարիների համար փորձելու են վրեժ լուծել, էդ էլ եկեք նայենք։ Մեր նախորդ 30 տարիները նրա մասին են, որ մենք էլ իրենց արած նախորդի հետ կապված համարել ենք, որ արդարացվածություն ունենք դա անելու համար։ Նրանք` իրենց հերթին, մենք` մեր հերթին։ Ես ի՞նչ եմ ասում, որ էս ալիքները պետք է կանգնացնել, որպեսզի մեր հաջորդ սերունդներին մենք հնարավորություն տանք ապրեն հանգիստ, խաղաղ երջանիկ», — հայտարարեց նա։

Անդրադառնալով ՀՀ Սահմանադրությունը փոխելու իր ցանկություններին՝ Փաշինյանն այն հիմնավորեց հետեւյալ կերպ․ «Սահմանադրության տեքստը պետք է գրի մեկ, երկու, մաքսիմում երեք հոգի, իսկ բովանդակությունը՝ ժողովուրդը։ Արդեն ցույցեր էին անում մեր այս որոշման դեմ, առանց ընկալելու, որ թեման տանում ենք այն ուղղությամբ, որպեսզի մենք ժողովրդի հետ ստեղծենք Սահմանադրություն։ Այդ Սահմանադրությունն այսօր չկա, եթե դուք ինձ հարցնեք, թե ինչ պետք է գրած լինի այդ Սահմանադրության մեջ, ես կարող է ինչ-որ մտքեր ունենամ, բայց այդ Սահմանադրությունը գոյություն չունի, քանի դեռ չկա մարդկանց մտքում։ Որովհետեւ եթե դա մարդկանց մտքում չլինի, 700 հազար մարդ ո՞նց ա գնալու կողմ քվեարկի, մենակ մի պարագայում, որ համարի՝ ինքն ա դրա տերը եւ հեղինակը։ Մենք չենք կարա մեզ թույլ տանք 2005թ․-ի պատմություն»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել ձեր ընկերների հետ