Ալեն Սիմոնյան. Մենք՝ պատգամավորներս, անում ենք հնարավորը՝ խաղաղ գործընթացին նպաստելու համար

«Մենք՝ պատգամավորներս, անում ենք հնարավորը՝ խաղաղ գործընթացին նպաստելու համար: Տարածաշրջանի անվտանգությունը և պաշտպանական կարողությունների զարգացումը Հայաստանի համար առաջնահերթություն են»,-ասել է Ալեն Սիմոնյանը՝ ելույթ է ունենալով Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում։

Նա նշել է՝ մեր երկիրը ձգտում է վերականգնել տարածաշրջանային տարանցիկ ճանապարհներն ու ենթակառուցվածքները:

«Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարծում ենք, կաշխուժացնի տնտեսական կապերը տարածաշրջանում և դրական ազդեցություն կունենա անվտանգային ընդհանուր իրավիճակի վրա:

Որպես խորհրդարանական դիվանագիտության վառ օրինակ՝ կցանկանայի նշել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար պարոն Մարտին Չունգոնգի՝ վերջերս Հայաստան և Ադրբեջան կատարած այցերը, որոնց նպատակն էր հասկանալ իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Իր այցից հետո գլխավոր քարտուղարն առաջարկեց կազմակերպել եռակողմ հանդիպում իր, իմ և Ադրբեջանի խորհրդարանի նախագահի միջև: Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 22-ին այստեղ՝ Ժնևում»,-ասել է Սիմոնյանը։

Կիսվել ձեր ընկերների հետ